Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Հարմար պահին առաջ կքաշեն շոշափելի մոդելներ»

«Հարմար պահին առաջ կքաշեն շոշափելի մոդելներ»
13.05.2014 | 16:54

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայտարարել է, որ պետք է գտնել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի մոդել, որը չհակասի Մաքսային միությանը: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն պետք է ընդունի Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր:

Ավելի վաղ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էր ասել, որ Հայաստանը դեռ կարող է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Ըստ դեսպանի` Հայաստանի և ԵՄ միջև փաստաթուղթը այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը գործակցության այլ շրջանակի է վերաբերում:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ հեռանկար կարող է ունենալ ՀՀ-ԵՄ համագործակցությունը, և ԵՄ-ն ՀՀ-ին առաջարկելով որևէ փաստաթուղթ` արդյո՞ք չի ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորում:
«Կարծում եմ, որ Եվրոպայում էլ չկա դիրքորոշում, թե ինչպես վարվեն Հայաստանի հետ: Սա` մեկ: Երկրորդը`դեռ հստակ չէ, թե ինչ մոդելի մասին է խոսքը և հարցական նշանի տակ է, ինչն էլ ուղղակի տեքստով է ասվում: Երրորդը` չնայած անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշմանը, այնուամենայնիվ, Եվրամիությունը «խաչ չի քաշում» Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարի վրա և շարունակում է ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում և մասնավորապես` Հայաստանում ավելի հարմար պահին շոշափելի մոդելներ առաջ քաշելու համար»:
Ռուբեն Մեհրաբյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ բոլորի համար էլ պարզ է` Մաքսային միությանն անդամակցելը ՌԴ-ի հարկադրանքն է: Սրանից զատ, քաղաքագետը կարծում է, որ այդ միությունները որևէ հեռանկար չունեն: Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ հարաբերությունների պատճառով կարող է ինքնամեկուսանալ, իսկ Հայաստանը չի կարող գնալ նույն ճանապարհով և մեկուսանալ աշխարհից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ